վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Friday, January 30, 2015

Եվա Ալեքս - «ՈՒղեցույց աստղը»

Yeva Aleks
Նախաբան
(հեղինակ Ս. Գասպարյան)

Ստացվում է այնպես, որ կյանքը ծանոթացնում է ինձ հետաքրքիր մարդկանց հետ (կարծես մի գերբնական բան կա այստեղ) եւ առաքելություն տալիս, որպեսզի ցույց տամ նաեւ ձեզ, թե աշխարհի տարբեր ծայրերում բնակվող ինչպիսի տաղանդավոր, խելացի հայորդիներ եւ հայուհիներ են ապրում: Եվ այսօր եւս բացառություն չէ, ահա մի հրաշալի եւ հայրենասեր հայուհի - Եվա Ալեքս:
Կենսագրությունը.
 Եվա Ալեքսը ( Եվա Ալեքսանյան) ծնվել է 1985թ. Կապանում: 2002 թ. ընդունվել և 2007 թ. կարմիր դիպլոմով ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Կառավարման Ֆակուլտետ: 2007-2008թթ աշխատել է ՌԴ-ում և ապա 2009 թվականին վերադարձել հայրենիք եւ աշխատանքի անցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում: Նույն թվականին նա նաեւ ընդունվել է ՀՀ պետական Կառավարման ակադեմիայի ասպիրանտուրայի բաժին: Թվում էր` Եվան գտել է իր կոչումը տնտեսագիտության ոլորտում: Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ 2011թ. ընդունվում է ԱՄՆ Ուիլլիամս Քոլլեջի Տնտեսական Զարգացման Կենտրոն եւ շարունակում ուսումը նման լիբերալ ուսումնական հաստատությունում: Հենց այս ժամանակաշրջանում է, որ Եվան բացահայտում է իր համար նոր հորիզոններ և սկսում ստեղծագործել: 2012 թ-ին Ուլլիամս Քոլեջի` տնտեսագիտության գծով մագիստրատուրան ավարտելուց հետո նա ընդունվում է Քոլորադոյի Պետական Համալսարանի ասպիրանտուրայի բաժին, որը սակայն որոշ խնդիրների պատճառով չի կարողանում հաճախել: Ներկայումս նա բնակվում է ԱՄՆ-ում եւ կատարում է տնտեսագիտական հետազոտություններ տարբեր զարգացող երկրների համար: Ազատ ժամանակ Եվան ստեղծագործում է` հորինում երաժշտություն, պոեզիա, գրում գրքեր, զբաղվում գեղանկարչությամբ եւ լուսանկարչությամբ, կազմակերպում բարեգործական միջոցառումներ` Հայաստանում բնակվող տարբեր կարիքավոր խմբերին օգնելու համար (Եվան 12 տարեկանից հանդիսացել է Սյունիքի մարզային Կարմիր Խաչի, իսկ հետագայում այլ բարեգործական կազմակերպությունների ակտիվ անդամ: Այժմ նա "Օգնենք հայ մանուկներին" ՀԿ-ի Քոլորադոյի ներկայացուցիչն է):
 Վերջին տարիների Եվայի կյանքի ուղեցույց աստղը եղել է Լեոնարդո դա Վինչին` մարդ, ով զբաղվել է գրեթե ամեն ինչով: Եվան եւս կարծում է, որ մարդկային ուղեղը սահմաններ չունի, եւ ցանկացած մարդ կարող է հմտանալ բազմաթիվ ոլորտներում: Անհրաժեշտ է պարզապես հավատալ եւ քրտնաջան աշխատել:

© srg blog (change your world)
official website Yeva Aleks: www.yevaaleks.com
* * *
Եվա Ալեքս  - «բանաստեղծություններ»


ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ

Վերջին անգամ դու ասացիր` մնաս բարով,

Ես հիմարս մտածեցի կհանդիպենք կրկին սիրով,

Վերջին անգամ դու պարզապես լուռ նայեցիր,

Իսկ ես խոսքով լռությունը զուտ կոծկեցի…

Վերջին անգամ չհասցրեցի ասել բարեւ,

Չհասցրեցի վերջին անգամ ամուր գրկել,

Քո հայացքը վերջին անգամ չքարացավ իմ հուշերում,

Քո ժպիտն եմ ջերմ ու տխուր իմ անցյալում այժմ փնտրում…

Վերջին անգամ արցունքներս էի հազիվ զսպել,

Ուժ չունեցա իմ ջերմությամբ քեզ պարուրել,

Վերջին անգամ չասացի քեզ, թե որքան եմ ես քեզ սիրում,

Իսկ դու կրկին շունչդ պահած, գիրկդ բացած ինձ էիր սպասում…

Վերջին անգամ…Երանի թե գոնե լիներ նախավերջին,

Հիմա, ասա’, ինչպե՞ս դարձնեմ հանդիպումը մեր այդ վերջին…

* * *
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ


Ժամանակը սպիացրել է
Քեզնից միայն բաժին հասած խոր վերքերս

Եվ մեկընդմիշտ չորացրել է,
Սիրո համար թափած անթիվ արցունքներս…

Եվ այսօրվա բարձրունքներից,
Ետ նայելով իմ անցյալի անդունդներին,
Քեզ ուզում եմ շնորհակալ լինել կրկին.

Շնորհակալ եմ ցավացնելու,
Եվ մեն-մենակ ինձ թողնելու,
Ինձ անվերջ սպասեցնելու
Եվ երբևէ ետ չգալու,
Սիրտս անողոք փշրելու,
Փշուրներն էլ շաղ տալու համար…
Քանզի հենց դու սովորացրիր
Ինքս ինձ հետ մեկ լինելը,
Ինձ սիրելն ու հարգելը,
Բարձրանալը, վեր կանգնելը
Նոր ուժ, նոր թափ հավաքելը,
Նոր բարձրունքներ գրավելը,
Նոր ես ու նոր մարդ դառնալը…

Բայց մի բան կա, որի համար
Շնորհակալ եմ քեզ ավելի,
Քան մնացյալ ամեն-ամեն ինչի համար.

Շնորհակալ եմ, որ էլ չկաս դու իմ կյանքում…
շարունակելի...

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика