Հասմիկ Բաբաջանյան
Հաճախ անվանի հյուրեր էին հավաքվում, զրուցում, նվագում, թեյում, լիցքաթափվում, լիցքավորվում դրական էներգիայով, հաճելի ժամանակ անցկացնում և բաժանվում՝ տանելով իրենց հետ լավ հիշողություններ:
Անցավ որոշ ժամանակ… Գրապահարանի վերևում՝ ուղիղ Ճայի նկարի դիմաց, հայտնվեց մի ուրիշ նկար: Կտավում բնություն էր պատկերված: Թարմություն կար նկարում, գույների առատություն, որը կարծես լրացնում էր Ճայի միայնությունը: Դաշտային ծաղիկներից յուրաքանչյուրն իր գույնն ու բույրն ուներ: Դրանց մեջ կար մի գեղեցիկ Ծաղիկ, որն անսովոր գույն ուներ. բոլորն էին հիանում նրանով: Այդ Ծաղիկը իսկապես տարբերվում էր մյուսներից. սիրում էր ուրախացնել և հենց դրանով էր երջանիկ նա: Ամեն անգամ Ծաղիկը հետևում էր Ճայի թռիչքին, հիանում նրանով ու մտովի ճախրում նրա հետ: Անսովոր Ծաղիկը հետաքրքրասեր էր, երազկոտ, համարձակ, սիրում էր ազատություն, բայց երբեք վերևում չէր եղել:
Հիշարժան մի օր կրկին հավաքվել էին մեծարգո հյուրերն ու ինչ-որ ցերեկույթ էին կազմակերպել: Դե դա հաճախ էր պատահում. բուռն զրույցներ, ուրախ ժպիտներ, զմայլված հայացքներ… Բոլորն ուրախ էին, բաժանվել չէին ցանկանում:
Արդեն ուշ էր: Բոլորը գնացել էին: Մնացել էին երկու կտավները՝ միմյանց դիմաց հայտնված գեղեցիկ Ծաղիկն ու միայնակ Ճայը: Այդ օրը Ճայը ծովի վրայով էր թռչում և երբ կտուցը ներքև ձգած, սպիտակ թևերը տարածած սլանում էր, հանկարծ նկատեց, որ դիմացի պատին կախված նկար կա: Ե՛վ ճախրում էր, և՛ ուսումնասիրում: Ինչպես բոլորը՝ նա ևս նկատեց անսովոր Ծաղկին, հիացավ ու շարունակեց սավառնել կապույտի մեջ: Փաստորեն գեղեցիկ Ծաղիկը հիանում էր ծովի ալիքներով, լուրթ երկնքով, իսկ Ճայը լուռ ուսումնասիրում էր խայտաբղետ տեսարանը, դաշտային անուշաբույր ծաղիկներն ու այն մեկին, անսովորին, որն ազատություն էր տենչում:
Գիշեր էր, բոլորը քնած էին: Միայն Ծաղիկն էր արթուն: Զարմացած հետևում էր թռչող Ճային. չէ՞ որ ճայերը գիշերով չեն թռչում: Հանկարծ Ճայը խավարի մեջ նկատեց Ծաղիկի զույգ աչուկները ու շատ զարմացավ. բոլորը քնած էին, իսկ նա՝ ոչ: Սկսեցին զրուցել, այնքան բազմաբնույթ թեմաներ էին քննարկում: Ինչպես հյուրասենյակի հյուրերի համար էր ժամանակն արագ անցնում, այնպես էլ Ճայի ու Ծաղկի համար: Ոչ ոք չի կարող ասել, թե որքան զրուցեցին նրանք: Ճայն առաջարկեց Ծաղկին իր հետ սավառնել երկնի մովի մեջ, վայելել ազատության բերկրանքը: Ծաղիկը համարձակ էր և չառարկեց: Միաժամանակ ձգվեցին ու դուրս եկան կտավների միջից: Հանդիպեցին հյուրասենյակի կենտրոնում, փարվեցին միմյանց: Ճայն իր արծաթափայլ թևի թեթև հրումով գեղեցիկ Ծաղկին դրեց իր մեջքին, և միասին սավառնեցին: Ծաղիկը գնալով հեռանում էր իր կտավից, բայց չէր պոկվում արմատից, ցողունը գնալով երկարում էր, անդադար երկարում…
Երջանիկ էին Ծաղիկն ու Ճայը: Ծաղիկը գտել էր իր երազած ազատությունը, երկնքում էր, աշխարհն այլ կերպ էր ընկալում: Նա հայտնվել էր իր իսկ երազում և ըմբոշխնում էր ամեն մի վայրկյանը: Ճայն այլևս միայնակ չէր, ընկեր էր գտել: Ե՛վ սավառնում էին, և՛ դողում: Ճայը հուզմունքից էր դողում. չէ՞ որ Ծաղիկը վստահել էր իրեն, և նա մեծ պատասխանատվությամբ էր տանում Ծաղիկին: Տանում էր՝ ցույց տալու իր աշխարհը, որով միայն ինքն էր հիացել: Ծաղիկն էլ էր դողում: Գուցե քամին էր մեղավոր. չէ՞ որ այնքան նուրբ էր, քնքուշ: Կամ գուցե Ծաղիկն է՞լ էր հուզված…
Թանձր խավարն աստիճանաբար նոսրանում էր, արևի ոսկեգույն շողերը լուսավորում էին խաղաղ ծովի մակերևույթը: Եկել էր հրաժեշտի ժամանակը: Ճայը ուղեկցեց Ծաղկին մինչև հյուրասենյակի կենտրոնը, այն նույն տեղը, որտեղ հանդիպել էին: Յուրքանաչյուրը մտավ իր կտավի մեջ՝ տանելով իր հետ անջնջելի հիշողություն: Ծաղիկը հայտնվեց նույն տեղում, և ոչ ոք չնկատեց, որ նրա ցողունն այդքան երկարել է: Այդ պահից ի վեր, երբ Ճայի ու Ծաղկի հայացքները հանդիպում էին, Ծաղկի ցողունն սկսում էր դողալ, ինչպես թռիչքի պահին, իսկ սպիտակափայլ Ճայի աչքերն իսկույն խանդավառվում էին:
Կրկին հյուրեր, նորանոր հանդիպումներ… Սակայն ոչ մեկն այդպես էլ չիմացավ, որ գեղեցիկ Ծաղիկը շատ երկար ցողուն ունի, իսկ սպիտակ Ճայը՝ թռիչքի ընկեր:
16.01.2017 թ.