վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Saturday, September 14, 2013

ՈՍԿԵՏԱՌ ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐ (1)

by: © srg blog admin: 10:05pm
labels: Tumanyan,  
Armenian writerPoetry
---------------------------------------------
  ԲԼՈԳԻ ԿՈՂՄԻՑ
Նախաբան

   «ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐ ՀԱՅ ՔՆԱՐԵՐԳՈՒԹՅԱՆ » շարքի նպատակը.
(որոնողական կայքերում հայատառ տեղեկատվության տարածում)
Սիրելի ընթերցողներ

  Հիմա գիրք կարդալ շատ չենք սիրում, բայց համոզված եղեք համակարգչի էկրանը երբեք չի փոխարինի գրքին և նայելով էկրանին  երբեք չեք զգա «գրքի հոտը »: Մենք ցանկանում ենք, որպեսզի հայ պատանիները լսելով Թումանյան` զարմացած չնայեն ու չասեն դա արձան է, լսելով Չարենց` չասեն դա հազարանոց է, լսելով Տերյան, Րաֆֆի, Իսահակյան` չասեն դա փողոց է, լսելով Աբովյան` չասեն դա քաղաք է միայն ...  ցավալի է, բայց փաստ է:
 Իրական  ոսկետառ մարգարիտները  փորձենք հասցնել Ձեզ. 

****
Հովհաննես Թումանյան
(1869 - 1923)

ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատում
Էն անլույս մթում
Երկա՜ր դարերով գնում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դժվար լեռներում:



Տանում ենք հնուց մեր գանձերը անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծնկել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձր լեռներում:

Բայց քանի անգամ շեկ անապատի               
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում:

Ու մեր քարվանը շփոթ. սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված- հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում:

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկնքի ծերին,
Թե ե՞րբ կբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:
Մ. Սարյան
ՄԵՐ ՈՒԽՏԸ

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գնում ենք մեր ճամփով,
Մրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով:

Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մրրիկներին հակառակ:

Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դրոշը սրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար 
Երկրից երկիր ցիրուցան,

Բայց գնում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի:

Մ. Սարյան
* * *
Երազեցի շարունակ
Իմ կյանքի մեջ ես մանկուց,
Ու մնացի միշտ մենակ
Պատրանքի մեջ՝ ես մանկուց:

Ես չգտա ոչ մեկին
Երազներից իմ շքեղ:
Եվ ոչ մի մարդ, ոչ մի կին՝
Հերոսներից իմ շքեղ:

Երազեցի շարունակ
Իմ կյանքի մեջ ես մանկուց,
Ու մնացի միշտ մենակ՝
Պատրանքի մեջ՝ ես մանկուց:

* * *

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ,
Ծով բարություն, շնորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ:

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձրի 
Սերն անվերջ է, բարին՝ անհատ:

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունիքից:

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծննդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տված եմ տալիս իրեն:


ՔԱՌՅԱԿՆԵՐ

Լիներ հեռու մի անկյուն,
Լիներ մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն:
_____


Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր,
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը՝ լիքն աստղերով:
_____

Ինչքան ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել, ու սիրել,
Վատը՝ լավ եմ տեսել ես:
_____

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ինչ են տարել նրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ:
_____
Մ. Սարյան
Բարձր է հնոց աշխարհքն հայոց ու Մասիս երկնադետ.
Իմ խոր հոգին էն բարձրունքին խոսք է բացել Նրա հետ 
Անհաս բանից, սկզբանից, երբ չկան էլ դեռ չկար,
Մինչև վախճանն անվախճանի քննում է դարե դար:
_____

Դու մի անհայտ Բանաստեղծ ես, չտեսնված մինչ էսօր.
Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր:
Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր:

աղբյուրը: «ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐ ՀԱՅ ՔՆԱՐԵՐԳՈՒԹՅԱՆ » հատոր երկրորդ
շարունակելի...

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика