վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Tuesday, September 11, 2012

Չմոռանալ ոչինչ

«ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՆՔ ՄԵՌՆԵԼՈՒ»
նախաբան suren gasparyan's blog

Այսօր ես կգրեմ մի Մարդու մասին...մեծատառով այո' մեծատառով Մարդու մասին...

Սամվել Շահմուրադյան

Ճանաչենք, հիշենք և փոխանցենք մեր սերուդներին 
    Ներկայացնում եմ Ձեզ 2005 թվականի նշումով  լույս տեսած գրող, լրագրող, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1992 թ. սեպտեմբերի 11-ին Վաղուհաս գյուղի մատույցներում զոհված Սամվել Շահմուրադյանի 1988-1992 թթ. օրագրային գրառումները` «Չմոռանալ ոչինչ» պայմանական խորագրով գրքից:  
srg blog    
--------------------------  

 Գրքի խմբագրի ստորագրած «Վկայություններ թանաքով եւ արյամբ» առաջաբանում (էջ 3-5), արժանին է մատուցվում Սամվել Շահմուրադյան մտավորականին, քաղաքացուն, հային եւ մարդուն: Արցախյան շարժման պոռթկումից հետո «կուսակցապետական վերնախավի չեզոքությունը սահմանակցում էր դավաճանությանը», եւ «տագնապած մտավորականության շարքում» եղող Սամվելի «կյանքն այդ պահից ի վեր այլեւս իրենը, հարազատներինը, երեխաներինը չէր լինելու» (էջ 4): Ինչպես նշում է խմբագիրը, այս օրագրությունը «հուշապատում չէ, ընդհանրապես գիրք չէ` սովորական ընկալմամբ»: Դրանք գրառումներ են, «արված կոնկրետ իրադարձության ընթացքում, հաճախ ծնկի վրա, տարատեսակ հապավում-գրություններ` առանձին թերթիկների վրա»: «Սամվել Շահմուրադյանը պատմությա՛նն էր, պատմության մե՛ջ, ինքը` պատմություն` 88-ի հրապարակից մինչեւ Արցախի բարձունքները, որտեղ եւ զոհվեց», իրավացիորեն գրում է Ն. Աթաբեկյանը (էջ 5):

(կարդալ ավելին)

  Օրը օրին կատարված գրառումները հսկայական աղբյուր են տվյալ ժամանակաշրջանի արցախյան շարժումն ու արցախյան ազատամարտն ուսումնասիրողների համար: Հեղինակը չի բավարարվում իրադարձությունների հայելային արտապատկերող-գրանցողի դերով, այլեւ դրանցում դրսեւորվում են հենց ի՛ր` Սամվել Շահմուրադյանի հույզերն ու սպասումները, նրա մարդկային եւ ազգային դիրքորոշումները: Այսպես, Սամվելի համար Աշոտ Բլեյանը «խելամիտ եւ կրթված անասուն» է (էջ 156). գրեթե նույն որակումն ունեն թուրքերը` «անասուններ» (էջ 71), «ստոր» (էջ 73), «շներ» (էջ 88), «բորենիներ» (էջ 144), իսկ 1988-ին հույսեր ներշնչող Միխայիլ Գորբաչովը «հայ ժողովրդի հիշողության մեջ կմնա իբրեւ սրիկա եւ դահիճ» (էջ 140): Ադրբեջանցիների ողնաշարը փշրած Շուշիի ազատագրության առթիվ (էջ 155), օրագրողը տալիս է քաղաքական հույժ կարեւոր նշանակության մի տեղեկություն. «Վայեզին (այդ օրերին` Իրանի արտաքին գործերի նախարարը - Գ. Յ.) Ստեփանակերտում լինելով` ասել է Լեւոն (Մելիք- Գ. Յ.) Շահնազարյանին, որ Շուշին անպայման գրավել է պետք» (էջ 154): Պատմական նշանակություն ունեն նաեւ Սամվելի գրառումները ԼՂՀ Գերագույն խորհրդի ղեկավարության ընտրության հարցում ՀՀ ղեկավարություն-ՀՅԴ անհամաձայնությունների (էջ 91) եւ հատկապես ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի 1992 թ. ապրիլի 14-ի առ այսօր չբացահայտված սպանության մասին (էջ 150-151): Վերջինիս դեպքում հետաքրքրական է Սերժ Սարգսյանի բողոքը «իր վրա ընկած կասկածներից» (էջ 150): Շահմուրադյանը նույնությամբ բերում է Արթուրի մոր սգո երգը որդու դագաղի վրա, որը մի աղեկտուր ճիչ է (էջ 151), ավելացնելով իր կողմից. «Ահա այսպես Արթուրն էլ գնաց` տանելով իր հետ մահվան գաղտնիքը» (էջ 152):



   Սամվել Շահմուրադյանին ցնցել էր Սումգայիթում կատարված ցեղասպանությունը: Շատերը գիտեն, որ օրեր եւ շաբաթներ, ամեն բան թողած, նա զբաղվում էր Սումգայիթից փախստականների հարցերով, գրառում եւ ձայներիզների վրա արձանագրում նրանց վկայությունները, որոնց արդյունքը եղավ ռուսերենով լույս տեսած, ապա այլ լեզուների թարգմանված «Սումգայիթյան ողբերգությունը ականատեսների վկայություններով» քաղաքական մեծ նշանակության համահավաքը, որը, չգիտենք ինչո՞ւ, այսօր մատնվել է համընդհանուր մոռացության, փոխանակ մեր ձեռքին զենք լինելու` ընդդեմ ադրբեջանցիների բարբաջանքների: Այդ վկայությունները լսելուց հետո Սամվելը գրում է. «Սիրտս կտոր-կտոր է լինում» (էջ 63), «Սումգայիթցիների ցավը խեղդում է ինձ» (էջ 67) Սումգայիթի դահիճների դատավարությունը նա համարում է «կատակերգություն, ուրիշ ոչինչ» (էջ 68): 

   Իր ազգի նկատմամբ ահավոր անարդարության ականատեսն ու ականջալուրն եղող Սամվելը 1988 թ. մայիսի 19-ի գրառումներում նշում է. «Առավոտից մինչեւ գիշեր աշխատում եմ, գիշերը տանջվում, ջարդվում եմ» (էջ 71), իսկ սեպտեմբերի 12-ի գրառումն սկսում է այսպես. «Երկու տող գրելու ժամանակ չէր լինում: Էլ չկամ, մաշվեցի: Քունքերս սկսել են ճերմակել, նիհարել կմախք եմ դարձել, ուտելիքից զզվում եմ, միայն ծխախոտով եմ ապրում» (էջ 82): Սամվել Շահմուրադյանի նման հանձնառու մարդն ու հայը, զզվելով Գերագույն խորհրդում եւ առհասարակ ՀՀ-ի քաղաքական կյանքում տիրող «բարդակից» (էջ 85, 135), կամավոր գնաց ռազմաճակատ անսալով իր` հայի պարտավորությանը` անդամագրվելով Մահապարտների գնդին: «Երջանիկ եմ, որ մաքառողների եւ տառապողների հետ եմ, իսկական ընկերներիս հետ», գրում է նա 1992 թ. հունվարի 4-ին (էջ 85):  

 Հետաքրքրական են Սամվել Շահմուրադյանի համեմատությունները հայի եւ թուրքի միջեւ. «Պատերազմ է, եւ ուրիշ ելք չկա, կամ հայն է թուրքին քշելու Արցախից, կամ թուրքը` մեզ: Կռվելու ենք» (էջ 87), «Դաժանությունը մենք թուրքից սովորեցինք, թուրքը մեզանից սովորեց քաղաքականություն վարել» (էջ 105): Խորապես մարդկային Սամվելին ցավ են պատճառում պատերազմում իր ազգակիցների մի մասի դրսեւորած դաժանությունը, ինչպես նաեւ անիմաստ մահերը, անկազմակերպվածությունը, տհաս ղեկավարումը, «մսաղացը», դասալքությունը, թալանը (օրինակ` Շուշիի թալանը, էջ 94), ռազմաճակատում էլ տիրող «բարդակը» (էջ 123):  

  Արցախյան հիմնահարցում զիջումներից բարբառող հայազգի անձինք թող լսեն նահատակի ձայնը. «Հավերժ անեծք մեզ, եթե տանուլ տվեցինք Արցախը» (էջ 158): Սամվելի համար Արցախի ինքնավարությունը Ադրբեջանի կազմում տանուլ տալ է նշանակում: Սամվելը մտորում է. «Աշխարհը պատրաստ չէ Արցախի ճանաչմանը եւ փորձում է հաշտեցնել մեզ ինքնավարության գաղափարի հետ» (էջ 152): Խաղաղապահ ուժերի տեղակայումն ակնարկող ՀՀ այսօրվա պետական բարձրաստիճան ու մանրաստիճան այրերին է ուղղված Սամվելի հետեւյալ հարցադրումը. «Եվ ՄԱԿ-ի կապույտ սաղավարտավորները, որոնց գալն այսօր փրկության պես մի բան ենք պատկերացնում, արդյոք չե՞ն նպաստի քշված թուրքերի վերադարձին» (էջ 149): 

       Այս խոսքերը այսօր եւս այժմեական են եւ խիստ ուսանելի:

   «Չմոռանալ ոչինչ»: Այսպե՛ս է խորագրված Սամվել Շահմուրադյանի օրագրի գրքային տեսքով հրատարակությունը: Այո՛, չմոռանալ ոչ միայն նահատակներին, այլեւ նրանց արյան գնով մեզ փոխանցված պատգամը, թե հայրենի հողը ոչ թե թշնամուն են վերադարձնում, կամ այնտեղ օտարներ են հրավիրում խաղաղապահի դիմակի տակ, այլեւ նրանց տիրությո՛ւն են անում: Սա՛ է Սամվել Շահմուրադյանի եւ մեր հազարավոր նահատակների հիմնական պատգամը:

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ 

Հրատարակված է Մայիս 07, 2006 
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ  #84


P.S. 

    2007 թվականին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը նկարահանել է վավերագրական, փաստագրական ֆիլմ Սամվել Շահումրադյանի մասին: 


                         
© srg blog

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика