վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Thursday, December 7, 2017

էլի մանկության հուշերից - Լիգիա Ղազարյան

 Հայկական շատ ընտանիքներում մանդարինն ասոցացվում էր Նոր տարվա հետ, իսկ մեր ընտանիքում առայսօր մանդարինն առաջին հերթին Լիգիայի մասին է, այնուհետև` Նոր տարվա: Իմ և մանդարինի միջև մշտապես հատուկ կարմայական կապ է եղել, քանի որ սիրել և սիրում եմ նրան խորը զգացմունքային սիրով :) :) :) Մանդարինի տեսքը` կեղևով և առանց կեղևի, բույրը, գույնը, իմաստը, բարությունը, փափկությունը աննկարագրելիորեն հաճելի է ինձ և հենց հիմա ժպտալու հիմնավոր առիթ է: Առայսօր, եթե ինչ-որ մեկը փայլող աչքերով ինձ ասում է, որ մանդարին է սիրում, ես գիտեմ, որ նա լավ մարդ է:
 Հիշում եմ շատ լավ, երբ ես փոքր էի, ծնողներս գնում էին շատ քանակությամբ մանդարին, որը պահում էինք ստվարաթղթե մեծ տուփի մեջ` յուրաքանչյուր մանդարինը փաթեթավորած թերթերի առանձին կտորների մեջ: Իհարկե, այդ պատվավոր գործի իրականացմանը մասնակցում էի նաև ես: Մեծ լրջությամբ փաթաթում էի մանդարինները թերթերով և տեղավորում տուփի մեջ: Դե կարծում եմ` պարզ է, որ այդ "ծանր" աշխատանքի ընթացքում տան փոքրը, ըստ արժանվույն, վաստակում էր իր սիրելի միրգը այն քանակով, որքան հնարավոր էր տեղավորել տան փոքր մարդու մեջ: Երբ բոլոր մանդարինները փաթեթավորված էին, այդ տուփը տեղափոխվում էր դրսի պատշգամբ, որպեսզի ինձ սրբություն թվացող մանդարինները թարմ մնային ավելի երկար ժամանակով: Նույն պահից սկսած` ես ազատորեն մուտք ունեի այդ տուփ, որտեղից հանում էի մանդարինը` թերթի կտորները սովորաբար թողնելով տուփի մեջ :) Տուփի մեջ թերթի դատարկ կտորները գնալով շատանում էին... 
 Մեր ընտանիքի մշտապես քննարկվող հումորներից մեկն այն է, թե ինչպես են քույրերս առավոտյան արթնացել և տեսել ինձ` քնած իմ մահճակալում` կողքիս պատուհանի գոգին հինգ մաքրած մանդարիններ հերթով շարած: Դե ինչի սեփական անձը երջանիկ դարձնելու վսեմ գործը վստահել մեկ այլ անձի, եթե կարելի է երեկոյան հինգ մանդարին կեղևազերծել` առավոտյան նման դրախտային միջավայրում արթնանալու և երջանկությունը մեկ վայրկյան շուտ վայելելու նպատակով: Առանց համեստության ասեմ, որ այս լավ հատկությունը մինչև հիմա պահպանվել է. երջանկության պահեր ինքս ինձ ապահովում եմ :)
 Չեմ հիշում, թե որ ծննդյանս օրն էր, բայց օրը շատ պարզ եմ հիշում: Ես, իհարկե, խառն էի իմ տիկնիկների հարցերով և գործերով, երբ զգացի, թե ինչպես մեր ամբողջ ընտանիքը, փսփսալով և միջանցքում վազվզելով,ինչ-որ բան է անում: Դե միանգամից հասկացա, որ նվերի նշանավոր պահն է հասունանում, բայց իմ` ի ծնե ունեցած պարանորմալ համբերատարությանը համապատասխան, զսպեցի մեծ ցանկությունս վազելու միջանցք և սպասեցի պաշտոնական հրավերի: Վերջապես մերոնք ինձ կանչեցին իբր ինչ-որ թեմայով, ես էլ, իբր չիմանալով` ինչու, գնացի միջանցք: Բոլորով միջանցքում էին, իսկ հորս ձեռքում ինչ-որ տուփ էր` կտորով ծածկված: Հորս հարցն էր. "Լիգ, քո կարծիքով ի՞նչ ենք քեզ նվիրում": Անակնկալից հուզմունքս անասելի մեծ էր, որից ձեռքերս դողում էին, բայց պատասխանս հնչեց 200 տոկոս վստահությամբ և գրեթե ճչոցով. "Մանդարիիին"... 
 Ստեղծվեց մեր ընտանիքի սիրելի հումորներից մյուսը: Մերոնք մի քիչ անակնկալի եկան, ինչից ես միանգամից հասկացա, որ ես մանդարին չեմ նվեր ստանում, այնուհետև իրենք սկսեցին ուժեղ ծիծաղել, քանի որ առանձնապես մանդարինի պակաս ես չունեի, որ ծննդյանս նվեր դա ակնկալեի: Իհարկե, ինձ մի քիչ անհասկանալի էր, թե ինչպես կարելի է ծիծաղել իմ` մանդարինի նկատմամբ ունեցած խորը զգացմունքների վրա, բայց դիմադրեցի դժգոհությամբ և ոչինչ չասացի: Սպասում էի նվերին, որը չէի պատկերացնում` ինչ պիտի լինի մանդարինից լավ: Վերջապես կտորը հեռացվեց նվերի վրայից և, իրոք, ես այդ օրը մանդարին նվեր չստացա: 
 Իմ նվերը կանաչ և կապույտ թութակներն էին վանդակում, որոնց ես դեռ երկար սիրեցի` բազմաթիիիիվ մանդարիններ վայելելուն զուգահեռ...

 
06.12.2017
կարդալ նաև : Լիգիա Ղազարյանի 
«Մանկության հուշերից» 
«Brief explanation to Azeris» (Ligia Ghazaryan)

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика