վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Wednesday, April 23, 2025

Զարմանահրաշ կտավները

Հասմիկ Բաբաջանյան

Հյուրասենյակը գեղեցիկ կահավորված էր: Մի պատի ողջ երկայնքով ձգվում էր գրապահարանը, որը հարուստ էր հաստափոր գրքերով: Գրապահարանի դիմացի պատի տակ դրված էր հյուրերին հաճախ ուրախացնող դաշնամուրը, որի վերևում կախված էր մի գեղեցիկ կտավ: Այնտեղ պատկերված էր ծովն իր կապույտի բոլոր երանգներով. ծովն էր ու անեզր երկինքը: Որի կենտրոնում սպիտակ Ճայն էր, որ վայելում էր թռիչքի երջանկությունը: Սակայն ոչ ոք չգիտեր՝ իրականում երջանի՞կ էր նա, թե՞ ոչ. չէ՞ որ միայնակ էր…

Հաճախ անվանի հյուրեր էին հավաքվում, զրուցում, նվագում, թեյում, լիցքաթափվում, լիցքավորվում դրական էներգիայով, հաճելի ժամանակ անցկացնում և բաժանվում՝ տանելով իրենց հետ լավ հիշողություններ:
Անցավ որոշ ժամանակ… Գրապահարանի վերևում՝ ուղիղ Ճայի նկարի դիմաց, հայտնվեց մի ուրիշ նկար: Կտավում բնություն էր պատկերված: Թարմություն կար նկարում, գույների առատություն, որը կարծես լրացնում էր Ճայի միայնությունը: Դաշտային ծաղիկներից յուրաքանչյուրն իր գույնն ու բույրն ուներ: Դրանց մեջ կար մի գեղեցիկ Ծաղիկ, որն անսովոր գույն ուներ. բոլորն էին հիանում նրանով: Այդ Ծաղիկը իսկապես տարբերվում էր մյուսներից. սիրում էր ուրախացնել և հենց դրանով էր երջանիկ նա: Ամեն անգամ Ծաղիկը հետևում էր Ճայի թռիչքին, հիանում նրանով ու մտովի ճախրում նրա հետ: Անսովոր Ծաղիկը հետաքրքրասեր էր, երազկոտ, համարձակ, սիրում էր ազատություն, բայց երբեք վերևում չէր եղել:
Հիշարժան մի օր կրկին հավաքվել էին մեծարգո հյուրերն ու ինչ-որ ցերեկույթ էին կազմակերպել: Դե դա հաճախ էր պատահում. բուռն զրույցներ, ուրախ ժպիտներ, զմայլված հայացքներ… Բոլորն ուրախ էին, բաժանվել չէին ցանկանում:
Արդեն ուշ էր: Բոլորը գնացել էին: Մնացել էին երկու կտավները՝ միմյանց դիմաց հայտնված գեղեցիկ Ծաղիկն ու միայնակ Ճայը: Այդ օրը Ճայը ծովի վրայով էր թռչում և երբ կտուցը ներքև ձգած, սպիտակ թևերը տարածած սլանում էր, հանկարծ նկատեց, որ դիմացի պատին կախված նկար կա: Ե՛վ ճախրում էր, և՛ ուսումնասիրում: Ինչպես բոլորը՝ նա ևս նկատեց անսովոր Ծաղկին, հիացավ ու շարունակեց սավառնել կապույտի մեջ: Փաստորեն գեղեցիկ Ծաղիկը հիանում էր ծովի ալիքներով, լուրթ երկնքով, իսկ Ճայը լուռ ուսումնասիրում էր խայտաբղետ տեսարանը, դաշտային անուշաբույր ծաղիկներն ու այն մեկին, անսովորին, որն ազատություն էր տենչում:
Գիշեր էր, բոլորը քնած էին: Միայն Ծաղիկն էր արթուն: Զարմացած հետևում էր թռչող Ճային. չէ՞ որ ճայերը գիշերով չեն թռչում: Հանկարծ Ճայը խավարի մեջ նկատեց Ծաղիկի զույգ աչուկները ու շատ զարմացավ. բոլորը քնած էին, իսկ նա՝ ոչ: Սկսեցին զրուցել, այնքան բազմաբնույթ թեմաներ էին քննարկում: Ինչպես հյուրասենյակի հյուրերի համար էր ժամանակն արագ անցնում, այնպես էլ Ճայի ու Ծաղկի համար: Ոչ ոք չի կարող ասել, թե որքան զրուցեցին նրանք: Ճայն առաջարկեց Ծաղկին իր հետ սավառնել երկնի մովի մեջ, վայելել ազատության բերկրանքը: Ծաղիկը համարձակ էր և չառարկեց: Միաժամանակ ձգվեցին ու դուրս եկան կտավների միջից: Հանդիպեցին հյուրասենյակի կենտրոնում, փարվեցին միմյանց: Ճայն իր արծաթափայլ թևի թեթև հրումով գեղեցիկ Ծաղկին դրեց իր մեջքին, և միասին սավառնեցին: Ծաղիկը գնալով հեռանում էր իր կտավից, բայց չէր պոկվում արմատից, ցողունը գնալով երկարում էր, անդադար երկարում…
Երջանիկ էին Ծաղիկն ու Ճայը: Ծաղիկը գտել էր իր երազած ազատությունը, երկնքում էր, աշխարհն այլ կերպ էր ընկալում: Նա հայտնվել էր իր իսկ երազում և ըմբոշխնում էր ամեն մի վայրկյանը: Ճայն այլևս միայնակ չէր, ընկեր էր գտել: Ե՛վ սավառնում էին, և՛ դողում: Ճայը հուզմունքից էր դողում. չէ՞ որ Ծաղիկը վստահել էր իրեն, և նա մեծ պատասխանատվությամբ էր տանում Ծաղիկին: Տանում էր՝ ցույց տալու իր աշխարհը, որով միայն ինքն էր հիացել: Ծաղիկն էլ էր դողում: Գուցե քամին էր մեղավոր. չէ՞ որ այնքան նուրբ էր, քնքուշ: Կամ գուցե Ծաղիկն է՞լ էր հուզված…
Թանձր խավարն աստիճանաբար նոսրանում էր, արևի ոսկեգույն շողերը լուսավորում էին խաղաղ ծովի մակերևույթը: Եկել էր հրաժեշտի ժամանակը: Ճայը ուղեկցեց Ծաղկին մինչև հյուրասենյակի կենտրոնը, այն նույն տեղը, որտեղ հանդիպել էին: Յուրքանաչյուրը մտավ իր կտավի մեջ՝ տանելով իր հետ անջնջելի հիշողություն: Ծաղիկը հայտնվեց նույն տեղում, և ոչ ոք չնկատեց, որ նրա ցողունն այդքան երկարել է: Այդ պահից ի վեր, երբ Ճայի ու Ծաղկի հայացքները հանդիպում էին, Ծաղկի ցողունն սկսում էր դողալ, ինչպես թռիչքի պահին, իսկ սպիտակափայլ Ճայի աչքերն իսկույն խանդավառվում էին:
Կրկին հյուրեր, նորանոր հանդիպումներ… Սակայն ոչ մեկն այդպես էլ չիմացավ, որ գեղեցիկ Ծաղիկը շատ երկար ցողուն ունի, իսկ սպիտակ Ճայը՝ թռիչքի ընկեր:

16.01.2017 թ.

Tuesday, April 22, 2025

Հասմիկ Բաբաջանյան: Մտորումներ


Հրդեհվել է երկինքը,Այրել բազում պատրանքներ,
Ցանկացած բոց մարում է
Սահող ժամանակի հետ...

#մտորումներ














կարդալ նաև: Ճանապարհ, Լուսին,

Հասմիկ Բաբաջանյան

 



կարդալ նաև: Ճանապարհ, Լուսին

Լուսին

Գլորվում է լուսինը`
Ամպերի հետ խաղալով,
Մեկ` թաքնվում, մեկ` բացվում`
Դիրքը հաճախ փոխելով։
Անցնում է իր փուլերով`
Անկախ մարդկանց հայացքից,
Լուսնի կյանքն էլ մերի պես`
Սահմանված է երկնքից։
Բնության մեջ ամեն ինչ,
Գործում է հաշտ ու անխախտ,
Միայն մարդիկ են անհաշտ
Բնության, թե` միմյանց հետ։
#մտորումներ

Հասմիկ Բաբաջանյան
12.04.2025




կարդալ նաև: Ճանապարհ

Thursday, June 20, 2024

Մեր մոլորակը

Մեր մոլորակը հիվանդացել է․․․ինչ որ մի կարևոր բան ասես փչացել է …ամենուր մահ, պատերազմ, կորուստ, որբացած երեխեք, կիսատված ընտանիք, ցավ , կսկիծ… իսկ մոլորակի մեդուզայակերպ բնակչության մասն էլ փարթի, խմիչք, տժժիկ, առատ ու լի սեղաններ… ամեն ինչ խառնվել է իրար, ոչ մի բան իրա տեղում չի, քաոսը պատել է մոլորակին
Բայց միևնույն է ինչքան էլ քաոսի մեջ լինի , մեկ է այսօր իր օրն է
Երկրի օրվա խորհրդանիշը կայանում է նրանում, որ գոնե այսօր մենք մի ծառ կամ մի թուփ տնկենք, գոնե աղբից մաքրենք երկիրը ''նեգատիվից չենք կարողանում ոչ մի կերպ''…

Ես չգիտեմ, թե ով ես դու իմ համար

#Ու_և_սակայն_բայց_այնուամենայնիվ

<<…Ես չգիտեմ, թե ով ես դու իմ համար …Դու իմ ընկե՞րն ես արդյոք, իմ լավագույն ընկերը՝ ում մեջ կարողանում եմ ես անէանալ, ում հետ ես կարողանում եմ իմ զգացումներն ու զգացմունքները միջիցս դուրս հորդել, թե՞ դու իմ թշնամի ես՝ քանի որ դու ինձ չարիք ես բերում … ես չգիտեմ, բայց ես քո հետ եմ միայն հանդարտվում… քո հետ շատ շփումը ինձ դարձնում ա անկառավարելի ու… նաև շատ կառավարելի … դու կարողանում ես ազդել իմ վրա, որ մարդիկ ինձ չսիրեն…բայց քո հետ ես դառնում եմ այն՝ ինչ կամ.. դու անկեղծացնում ես ինձ, դու ինչ որ տեղ ցավազրկող ես ու միաժամանակ նաև ցավը բորբոքող …դու ամենակարողղղ ես՜…..Ո՞վ ես դու..>>, - մտահոգ գինու գավաթի բոսորագույն հեղուկին մտովի դիմելով, հոնքերը քիչ խոժոռած վերցրեց գավաթը իր նուրբ, ճերմակ ու խնամված մատերի մեջ… բարձրացրեց՝ արևի շողը խաղացնելով գավաթի բոսորագույն հեղուկի մեջ, զգաց համահունչությունը եղունգների բոսորագույն ներկի հետ ու դանդաաաաղ տարավ դեպի հյութեղ, բոսորագույն շուրթերը..
… Ու դարձավ կատարյալ…

Անահիտ Աբգարյան
Яндекс.Метрика