վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Wednesday, October 12, 2016

Դոնդողը

 Լիլիթ Հայրապետյան

 Հոգին աճուրդի հանած դոնդողանման մարդի'կ, արդյոք դժվար չէ դողալով ապրել: Դժվար չէ արդյոք սեփական հոգուն քծնելով ապրել, սեփական կաշվից դուրս գալով ապրել, սեփական Եսը թղթադրամին համարժեք ապրել: Ի՞նչ է պետք մարդուն այս նենգ աշխարհում ու այս փուչ կյանքում՝ առանց դողալու, առանց սողալու, սեփական Եսը գնահատելով, հարգանք ու պատիվ վայելելով ճաշակել կյանքի սևն ու սպիտակը, նվագել կյանքի ստեղնաշարերով սեփական հոգու մեղեդին զուլալ: Կարծում եք դոնդողի կազմն ընդունելով դուք չե՞ք ճաշակի սև ստեղնաշարի ձայնակցումները: Կարծում եք սև ստեղնաշարի զուգերգերը վաղ անցյալում են ու ոչ մի դեպքում չե՞ն կարող դառնալ ներկա, ապագա: Կարծում եք միայն սպիտակ ստեղնաշարերի մեղեդինե՞րը պիտի այսուհետ ուղեկցեն կյանքում, քանի որ դոնդողի շապի՞կն եք հագել, քանի որ անվերջ կարող եք դողա՜լ, դողա՜լ, դողդողա՜լ և այդպես ապրել կամ գոյատևել: Ավա՜ղ, սխալվում եք...ոչ հավերժաբար դողալ կլինի, ոչ էլ այդ դողը կանխել կլինի... 
 Ի՞նչ է դոնդողը. ոսկրի փոշուց կազմված զանգված, որ եթե նույնիսկ խառնես նեխած ջրին, իր հատկությունը չի կորցնի բնավ: Միայն ճաշակելուց կհասկանաս, թե բնությունը քեզ ինչպես պատժեց...կամ գուցե չհասկանաս էլ... Չէ որ, խղճու'կ արարած, հոգիդ դարձրել ես հանրակացարան. ամեն մի որդնած ու փտած պտուղ դոնդողիդ մեջ տեղ ունի պատշաճ: Իսկ ի՞նչ է լինում այդ դոնդողի հետ. բորբոս է պատում կարճ ժամանակից ու սկսում նեխել: Բայց դե դոնդողը մնում է դոնդող. շարունակում է թեկուզ բորբոսնած, բայց դողդողալով նոր պտուղ փնտրել: Հոգ չէ, կարող են այդ պտուղները լինել նորելուկ, մատղաշ, անարատ: Գլխավորը սեփական հոգու հանրակացարանում նոր վարձակալ գտնելն է՝ թեկուզ ոչ կանխիկ, ապառիկ կարգով: Իսկ ապառիկի ժամկետի վերջում չվճարումը դոնդողի համար ոչինչ չի փոխում՝ մի երկու դող ավել է ապրում, բայց փոխարենը անմեղ պտուղն է ժամկետանց մնում, չի վերականգնվում... Դրանով դողդ չի մարի երբեք, ոչ էլ բորբոսդ կծածկվի, իսկ թե կարծում ես սեփական դողդ կընկալվի իբրև սրտի ջերմ թրթիռ, իմացիր հաստատ, որ սխալվում ես, քանզի դժվար չէ թրթիռը թռթռոցից տարբերելը: Թրթիռ է պետք կյանքում, ամեն բանում հոգի է պետք, հոգով է պետք, սրտով է պետք... ոչ թե այդպիսին ներկայացնելով, իսկ իրականում դոնդող լինելով: Սեփական փորով վրա հասնելով, ինչ-որ մի պտուղ հափշտակելով կազմել զանգված՝ իբր թե ամուր...բայց իրականում պտուղն այդ <համեղ> կամ էլ <քաղցրահյութ>, որ ճաշակված է շատերի կողմից, նաև՝ քո կողմից, ներսից կքանդի դոնդողի կազմը. ինչպես փոշի էր, փոշի կդարձնի, քանզի այլ պատիժ դոնդողի համար չի տվել Աստված: Ինչ էլ որ լինի,դոնդողին անգամ ստեղծում է Աստված ու նա անկասկած չի ուզի երբեք իր ստեղծածի կործանումը: Նա կհասկացնի իր մեթոդներով, նա պատահականություն կամ նախախնամություն կանվանի իր դեղատոմսը: Այո', դեղատոմսը. Շահադիտական ու նախանձախնդիր նկրտումներից հեռու մնալով՝ զուլալ ջրի մեջ լցնելով բնության տված անթիվ պտուղներից մեկը ազգային այգուց՝ քիմքին, հոգուն, մտքին հարազատը, պատրաստել սեփական հյութը մոգական, իսկ որպես քաղցր ավելացնել այն ջերմությունը, որ կճառագի երկուստեք հոգուց ի վերուստ տրված... ու խմել մինչև վերջին կաթիլը...հագենալ, վայելել, հավերժանալ...

© Լիլիթ Հայրապետյան 
10.10.2016թ., 2:29

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика