Լիլիթ Հայրապետյան
Տնտեսագետ
Ավարտել է Երեւանի պետական համալսարանի
տնտեսագիտության ֆակուլտետը,
սովորել է Համբուրգի պետական համալսարանի
տնտեսագիտության ֆակուլտետում
Մի ժամանակ գունավոր հեքիաթներ էի հորինում ու դրանցով լցնում իր գորշությամբ ինձ անվերջ խեղդել ճգնող կյանքս: Հիմա արդեն հեքիաթներն էլ չեն օգնում, որ այս կյանք կոչվածը, որ դանդաղ ընթացող քիմիական ռեակցիայի է նմանվում, չտարրալուծվի, չոչնչացնի ինձ իր մեջ, որ գարշահոտ նյութերը չխլեն ինձնից այն, ինչով ապրում եմ, ինչ միայն իմն է…
Հիմա ինձ թվում է, թե ես հենց այնպես եմ ծնվել, թե սրանից առաջ ոչինչ չի եղել: Ուզում եմ ինչ-որ բան հիշել, չեմ կարողանում: Ոնց որ երազ տեսած ու այդ երազը հիշել ճգնող մարդու վիճակում լինեմ:
Հրաշք պիտի լինի, ուրիշ ելք չկա…
Մայրս ասում է, որ ես երբեմն կատաղած շան եմ նմանվում, որին խոսեցնել հնարավոր չէ: Մինչդեռ ես երևի խեղճ ու անչար գազան եմ, որից խլել են իր բույնը և նա կատաղությունից սեփական թաթերն է կրծոտում: Իսկ ավելի շուտ ես երեխա եմ, որից խլել են իր բոլոր խաղալիքները, ու մնացել են միայն տուփերը՝ դատարկ, գույնզգույն: Չէ´, գույներն էլ են փախել, փախել են ձևերն ու բույրերը…
Ու հիմա խեղդվում եմ իմ գոյությունից, ինքս ինձ չհասկանալու կախաղանից կախված՝ տարուբերվում եմ… Իսկ լույս-աղբյուրը որքան էլ բխի ճահճի մեջ, ճահիճը չի մաքրի. այն կընդարձակվի, իսկ աղբյուրը կխեղդվի ցավից, վհատությունից, տիղմից կխցանվի ու փակված կմնա ներսում, խորքերում՝ իր ստեղծած մաքրամաքուր լճի երազանքով…
Թվում է, թե ամբողջովին սրտերից եմ կազմված. թևերիս մեջ՝ սիրտ, գլխիս մեջ՝ սիրտ, ոտքերիս մեջ՝ սիրտ, ու բոլորն այնպես անհամաչափ են տրոփում, որ կարծես ուր որ է կխելագարվեմ: Պաշտպանվելու համար ոչինչ չունեմ, հարվածների դեմ ձեռքերս եմ պարզում, բայց դրանց մեջ էլ սրտեր են…
կարդալ նաև: «Ինքնակոչ ընկեր», «Գյուղը»
© Լիլիթ Հայրապետյան
No comments:
Post a Comment