վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Sunday, October 19, 2014

Անհայտության ճանապարհին…

Լիլիթ Հայրապետյան
Տնտեսագետ
Ավարտել է Երեւանի պետական համալսարանի
 տնտեսագիտության ֆակուլտետը,
 սովորել է Համբուրգի պետական համալսարանի
 տնտեսագիտության ֆակուլտետում

 Հիմա մեջս այնքան բան է կուտակվել, որ ուսերս անտեսանելի բեռի ծանրությունից թեքվել են. ոնց որ վրաս տապանաքար դրված լինի (այդքան ծանր թերևս միայն տապանաքարն է լինում): Ես երևի ապրել չգիտեմ: Չգիտեմ՝ ու´ր գնալ, ի'նչ անել: Ու՞ր կարող եմ գնալ, երբ բոլոր ճամփաներս ինչ-որ տեղ մոլորվել են, ու ես հիմա վազում եմ, վազում… Ամայի դաշտ է՝ անծայր ու ամայի. վազում ես ու ոչ մի ճանապարհի չես հասնում: Անընդհատ թվում է, թե այդ դաշտն էլ է նույն արագությամբ վազում քեզ հետ, ու դու անընդհատ մնում ես նույն տեղում, դոփում ես նույն տեղում…Ու այդ խելագար, անկանոն վազքից, ինչ-որ բանի սպասումից հոգնել եմ արդեն:
 Մի ժամանակ գունավոր հեքիաթներ էի հորինում ու դրանցով լցնում իր գորշությամբ ինձ անվերջ խեղդել ճգնող կյանքս: Հիմա արդեն հեքիաթներն էլ չեն օգնում, որ այս կյանք կոչվածը, որ դանդաղ ընթացող քիմիական ռեակցիայի է նմանվում, չտարրալուծվի, չոչնչացնի ինձ իր մեջ, որ գարշահոտ նյութերը չխլեն ինձնից այն, ինչով ապրում եմ, ինչ միայն իմն է…
 Հիմա ինձ թվում է, թե ես հենց այնպես եմ ծնվել, թե սրանից առաջ ոչինչ չի եղել: Ուզում եմ ինչ-որ բան հիշել, չեմ կարողանում: Ոնց որ երազ տեսած ու այդ երազը հիշել ճգնող մարդու վիճակում լինեմ:
Հրաշք պիտի լինի, ուրիշ ելք չկա…
 Մայրս ասում է, որ ես երբեմն կատաղած շան եմ նմանվում, որին խոսեցնել հնարավոր չէ: Մինչդեռ ես երևի խեղճ ու անչար գազան եմ, որից խլել են իր բույնը և նա կատաղությունից սեփական թաթերն է կրծոտում: Իսկ ավելի շուտ ես երեխա եմ, որից խլել են իր բոլոր խաղալիքները, ու մնացել են միայն տուփերը՝ դատարկ, գույնզգույն: Չէ´, գույներն էլ են փախել, փախել են ձևերն ու բույրերը…
 Ու հիմա խեղդվում եմ իմ գոյությունից, ինքս ինձ չհասկանալու կախաղանից կախված՝ տարուբերվում եմ… Իսկ լույս-աղբյուրը որքան էլ բխի ճահճի մեջ, ճահիճը չի մաքրի. այն կընդարձակվի, իսկ աղբյուրը կխեղդվի ցավից, վհատությունից, տիղմից կխցանվի ու փակված կմնա ներսում, խորքերում՝ իր ստեղծած մաքրամաքուր լճի երազանքով…
 Թվում է, թե ամբողջովին սրտերից եմ կազմված. թևերիս մեջ՝ սիրտ, գլխիս մեջ՝ սիրտ, ոտքերիս մեջ՝ սիրտ, ու բոլորն այնպես անհամաչափ են տրոփում, որ կարծես ուր որ է կխելագարվեմ: Պաշտպանվելու համար ոչինչ չունեմ, հարվածների դեմ ձեռքերս եմ պարզում, բայց դրանց մեջ էլ սրտեր են…


կարդալ նաև: «Ինքնակոչ ընկեր»«Գյուղը»
 © Լիլիթ Հայրապետյան

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика