Իմ սու'րբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացի'ր, հայրենի'ք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենի'ք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։
Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները Հայաստանում լույս են տեսել ավելի քան կես միլիոն տպաքանակով: Շիրազյան հզոր խոսքը հայրենասիրության ու ազգապահպանման պատգամն է հայության սրտում: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի 58 լեզուներով:
* * *
Ինչպես երեք աստղեր անշեջ՝
Երեք սեր կա իմ սրտի մեջ,—
Ասի սիրած իմ աղջկան,
Եվ նա տխրեց ամպի նման:
Մի՛ կասկածիր,— ասի նրան,—
Դու ես իմ սերն, ի՛մ աննման,
Ես սիրում եմ, վկա հոգիս,
Քե՛զ, մայրիկի՛ս,
Հայրենիքի՛ս…
շարունակելի...
No comments:
Post a Comment