վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Thursday, December 17, 2015

Համո Սահյան (ՈՍԿԵՏԱՌ ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐ 9)

by: © srg blog admin: 16:45pm
(1, 2, 3, 4, 5, 6, 7, 8)

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ...

Համո Սահյան
1914-1993
(բանաստեղծ)

Հոգնել եմ

Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց,
Իմ մտքերի հետ մթնում խոսելուց,
Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց
Հոգնել եմ արդեն:

Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց,
Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց,
Կշտամբանքներով ռմբակոծվելուց
Հոգնել եմ արդեն:


Հոգնել եմ արդեն զուր թափառելուց,
Սուտ կուռքերի դեմ մոմեր վառելուց,
Ամեն պարողի ծափահարելուց
Հոգնել եմ արդեն:

Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց,
Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց,
Ինքս իմ ստվերից ահաբեկվելուց
Հոգնել եմ արդեն:

Հոգնել եմ հոգնած մարդկանց օգնելուց,
Կրկնված երգերն անվերջ կրկնելուց,
Հոգնել եմ նաև այսքան հոգնելուց,
Հոգնել եմ հոգնել:

* * *

ԵՐԵԽԱՅԻ ՊԵՍ

Հացից խռոված երեխայի պես,
Ինչ անեմ-չանեմ, հացին եմ նայում:
Քունս թռցրել, բայց արի ու տես,
Բարձից փախչելով, բարձին եմ նայում:

Ամենքի համար ամեն ինչ արել,
Նստել արածիս վարձին եմ նայում.
Գժված գլուխս ափիս մեջ առել,
Անցած օրերիս դարձին եմ նայում:

* * *

ԱՅՍ ԻՄ ՀՐԱՇՔ ԱՇԽԱՐՀՆ Է


Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։

Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից...

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։



* * *
ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ...

Ես չեմ կարող չհավատալ
Կռունկների վերադարձին,
Երբ արթնացող առվակն արդեն
«Բարի գալուստ»,
«Բարի լայս» է ասում դաղձին,
Երբ պատրաստ է հողը՝ լալու
Մայրանալու
Խուտուտ բերող մի սարսուոից,
Եվ քունն առած ծծկեր մի ծիլ
Նայում է իր թավշյա խոնավ
Խանձարարուրից...

Ես չեմ կարող չհավատալ
Այն զինվորի սուրբ երդումին,
Որ երդումը հազիվ կերած,
Կուրծքը դրել խրամատի
Խոնավ թմբին,
Ծիծաղում է մահի վրա։
Ես չեմ կարող չհավատալ
Արյան գույնին իմ երակի...
Ես չեմ կարող չհավատալ
Այն գրերին,
Որ խոսում են երկինքն ի վեր
Սուրբ քարերից ավերակի,
Մեր պատմությունն արթնացնում,
Մարդ են դարձնում մեզ եռակի։
Ես չեմ կարող չհավատալ
Մեր հինավուրց հայրենների
Թափառական համ ու հոտին,
Որ դարերի մշուշներից
Ոլորվել են ու խառնվել մեր երազին,
Մեղ դպրությանն ու կարոտին։
Ես չեմ կարող չհավատալ
Այն ավանդին,
Որ ամեն օր նորանալով,
Ծաղկում է մեր շուրթի վրա,
Մեր սրտի մեջ։
Եվ վերջապես ես չեմ կարող
Չհավատալ իմ հավատին,
Որ մարդկության հավատն է մեծ:

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика