վազող տող

SRG BLOG TODAY / ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ, ԻՐԱԿԱՆ Է - Պիկասո / Everything you can imagine is real - Picasso / SRG BLOG TODAY

Wednesday, October 2, 2013

ՈՍԿԵՏԱՌ ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐ (6)

by: © srg blog admin: 08:30pm
labels: 
Armenian writerPoetry
---------------------------------------------

Խոսքը  զենքի պես զգու՜յշ
գործածիր,
Երբ խառն է դարը.
Նույն արճիճի՜ց են ձուլում,
իմացի՜ր,
Գնդակն ու...տառը:
(1919-1998)

ԵՍ ՀԱՅ ԵՄ

Ես հայ եմ, հին, ինչպես լեռն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:


Իմ մատների հետքն է կրում կողի վրա,
Քարն առաջին մամռոտ, որ իմ ձեռքով տաշված,
Եվ միացած հողին շաղախով իմ արյան,
Արարատյան դաշտում մեհյանի վեմ դարձավ:




Իմ նահատակ որդոց արյունով է ոռոգ
Ամեն ծաղիկ ու ծառ հողում հայրենական,
Ամեն բլուր՝ քաջի մի շիրիմ է նորոգ,
Եվ կոթողի բեկոր՝ ամեն սանդուղք ու քար:

Ես հայ եմ, հին, ինչպես լեռն այս Արարատյան,
Հազար սուր է բախվել իմ վահանին ահեղ,
Բայց փշրել եմ նրանց ես ցասումով արդար
Եվ լեռներիս նման գլուխս վեր պահել:



ՀԱՅՐԵՆԱԾԱՂԻԿԸ

Ասում են, մի հայ աղջիկ, գաղթելիս, 

Հայաստանից մի ծաղիկ է տարել. 

Ջրել արցունքով՝ ամեն լացելիս 

Եվ վերադարձի հույսով փայփաել. 

Ամեն մի ծաղիկ, մայր հողում ծլած, 

Ձգտում է դեպի երկինք ու արև. 
Իսկ նա, ուր լիներ, գլուխը ծռած, 
Նաել է դեպի երկիրն իր քարե. 
Եվ ուղել է իր գլուխը տրտում, 
Միայն հայրենի հողում քարքարոտ... 
...Այդ ծաղիկը կա ամենքի սրտում 
Եվ կոչվում ե նա... հայրենի կարոտ:


ՄԵՆՔ

Եւ ի՞նչ էինք մենք
Ու երկիրը մեր,
Եթե ծուռ նստենք, բայց խոսենք շիտակ.
Եթե նավ՝ ապա չոր ժայռի վրա,
Եթե գավ՝ ապա արցունքով լեցուն,
Եթե հող՝ապա քարացած ահից,
Եթե քար՝ապա ճչացող ցավից,
Հզոր մի ոգի, որ չունե՜ր մարմին,
Եզակի որակ՝առանց քանակի,
Քաջարի սպա՝ առանց բանակի,
Պաշտամունք՝հնի ու ավերակի...


Եւ ի՞նչ էինք մենք
Ու երկիրը մեր,
Թե շիտակ նստած՝ծու՜ւռ խոսենք անգամ,---
Զբոսաշրջի՜կ իր հայրենիքում,
Հյուր՝իր սեփական օջախ ու յարկում.
Գետ, որի լոկ մի ափին ենք նայում,
Լեռ, որ հեռվի´ց է միայն երևում,
Անժողովուրդ հո´ղ,
Անհող ժողովո´ւրդ
Եւ ցրված հուլունք, Որ չէր ժողովվում:


Մենք խո´ւլ ենք կիսով.
Ամեն մի նոր ձայն թեև շուտ լսում,
Բայց անկարո՜ղ ենք ետևից գնալ.
Մեր ականջներում
Հայոց պատմութեան քաո՜´սն է խշշում՝
Փնտռելով խոսքեր դառնալու հնար:


Մենք կա´ղ ենք կիսով,
Քանզի ո՜ւր էլ մեր մի ոտքը դնենք՝
Սուրիո ավազին,
Փարիզի մայթին,
Նեղոսի ափին,...
Մեր մյուս ոտքը
Խրված է Մասիս լերան ձյունի մէջ,
Եւ մենք չե՜նք քայլում,
Մենք տեղ չե՜նք հասնում՝
Գծում ենք միայն
Մեր պանդխտության շրջագիծն անել՝
Մասիսի շո՜ւրջ ենք պտըտվում անվերջ...


Մենք կույր ենք կիսով.
Միշտ թաց է եղել մեր աչքն արցունքից,
Եւ աղո՜տ ենք մենք տեսնում,
Անկատա´ր.
Մի ձեռքո՜վ ենք մենք կառուցել միայն,
Ստիպել են զենք բռնել մյուսով՝
Պատերա՜զմ էր մեր հողում անդադար:


Մենք հա´մր ենք կիսով.
Քանի՜ անգամ են կտրել մեր լեզուն,
Մեր մտածածը չասելու համար,...


Որ չուրախանա´նք մեր ուրախությամբ,
Չհպարտանանք մեր հպարտությամբ
Ու... չսգանք մեր զոհերն անհամար:


Արայի պես ենք մենք սիրահարվում.
Մեզ թվում է միշտ,
Թե սիրով տարված՝մեր հողն ենք լքում
Եւ...վախենո՜ւմ ենք նոր Շամիրամից.

Կես ուղեղո´վ ենք աշխարհն ընկալում՝
Մթագնե՜լ է կեսն
Անեծքի՜ց,
Ցավի´ց...


Մենք կես,
Կես ենք մենք,
Չլինէինք կես՝
Հայ կը լինէինք,
Եւ ոչ թուրքահայ,
Կամ ֆրանսահայ.
Կամ Արաբահայ,
(Իսկ վաղն աստղահայ
Եւ կամ լուսնահայ...)


Կես ենք,
Երկճեղքված,
Կիսված,
Երկգագաթ
Մեր խորհրդանիշ սո՜ւրբ լերան նման...
Բայց վկա ճեղքված Մասիս լեռը մեր,
Վկայ մեր կեսը մորթված Տէր Զորում
Եւ այն կեսը,
Որ ես եմ,
Դո´ւ և նա´,
Մենք կմիանանք
Մենք կամբողջանանք,
Կգտնենք մի օր
Լրիվ դառնալու հնար´ն անհրար:


Մենք փո՜քր ենք, այո´,
Փո´քր,
Լեռների ծերպից սուրացող այն քարի´ նման,
Որ դաշտում ընկած ժայռի ո´ւժն ունի.
Փո´քր,
Լեռնային մեր գետերի պէս,
Որոնք վիթխարի ո´ւժ են ամբարել,
Անծանո՜թ՝
Հովտի ծույլ-ծույլ գետերին:
Մենք փո՜քր ենք, այո,

Փո´քր ենք,
Բայց ինչպես գնդակը՝փողո´ւմ,
Ինչպես կաղնու սերմն՝արգավանդ հողում


Ոսկու մի հատի´կ,
Որ վերևի´ց է նայում
Կապարի ու թուջի քաշին.


Մենք փո՜քր ենք,
Սակայն համեմունք ենք մենք,...
Ա´ղն այն մի պտղունց,
Որ հա՜մ է տալիս մի ամբողջ ճաշի...


Մենք փո՜քր ենք, այո´,
Ձեզ ո՞վ էր ասում,
Մեզ սեղմե´ք այնքան,
Որ մենք ստիպված...ադամա՜նդ դառնանք.

Ո՞վ էր ստիպում՝
Մեզ աստղերի պէս ցիրուցա՜ն անէք,
Որ միշտ մե´զ տեսնէք՝
Ուր էլ որ գնաք...


Մենք փոքր ենք,
Սակայն մեր երկրի նման,
Որի սահմանը
Բյուրականից մինչ Լուսի´ն է հասնում,
Եւ Լուսավանից մինչև Ուրարտո´ւ...


Փո´քր,
Այն հրա՜շք ուրանի նման,
Որ դար ու դարեր
Փայլո՜ւմ է,
Շողո՜ւմ,
Սակայն չի՜ հատնում...


* * *


ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ԾՈՑԱՏԵՏՐԻՑ




Ավելի՜ կարճ բառ, 
Քան «Ո՛չ»-ն ու «Այո՛»-ն, 
Չկա՛, 
Չե՜ս գտնի աշխարհում համայն.




Բայց հաճախ, 

Կյանքդ հերիք չի՜ անում, 

Մի «Այո՛», 

Կամ «Ո՛չ» 
Ասելու համար:

* * *

Քո ձեռքերը

Ես սիրո՜ւմ եմ քո ձեռքերը
Որոնք, արդեն քանի՜ տարի,
Ինձ ամենի'ց ամուր գրկում,
Սակայն երբեք չե'ն... բանտարկում.
Ինձ աշխարհի տե'րը անում,
Սակայն երբեք չեն տիրանում.
Օղակի պես շուրջս պրկվում,
Բայց չե՜ն խեղդում,
այլ` լոկ փրկո՜ւմ,
Ինչպես փրկում են խեղդվողի'ն...
Քո ձեռքե'րը,-
Նո՜ւրբ,
Ասողի՜կ,
ՈՒ երգեցի՜կ,
Որոնց ափում,
Ես` չո՜ր խեցի,
Մարգարի՜տ եմ քիչ-քիչ դառնում...
Ես սիրում եմ քո ձեռքերը...
"Մարգարի'տ եմ քիչ-քիչ դառնում..."-
Իսկ Մարգարիտն այս աշխարհում
Ինչքան էլ թա՜նկ լինի, անգի'ն,
Ինչքան չքնա՜ղ ու եզակի՜,-
Երբեք պիտի չխնայե՜ս
Եվ... միշտ... կրցք'իդ վրա' պահես,-
Թե չէ, քո ջե՜րմ կրծքից հեռու,
(Քո սիրո'ւց ու կրծքից հեռո'ւ),
Իսկույն խամրո՜ւմ է, դալկանո՜ւմ,-
Կրկին դարձած... նույն չոր խեցի՜ն...
Իմ սիրելի՜,
Իմ ասողի՜կ,
Իմ գեղեցի՜կ...
Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,-
Այստեղ ամեն գագաթ ու ձոր,
Արձագա'նք է տալիս հզոր
Եվ քո խոսքը հեռո՜ւ տանում...
Թե բարի են խոսքերը քո,
Հայոց լեռներն ակնածանքով
Կխոնարվե՜ն քո դեմ լռին`
Բաշը քսած քո ձեռքերին:
Իսկ թե չար են` լեռները մեր,
Հրաբխի բնե'րն անմեռ,
Որ լռել են, բայց չե'ն հանգել,
Քեզ լավայո'վ կարձագանքեն,
Որ լեռնե'ր է քշում-տանում...


P.S
 Սիրահարների այգում է կանգնեցված մեծն բանաստեղծի հուշարձանը, ով ժամանակին զբոսնում եւ ստեղծագործում էր այս այգում:


Քանդակագործ` Աշոտ Արամյան
Բրոնզ, Սիրահարների այգի, 2010թ.
Գեւորգ Էմինի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով:

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ - դիտել այստեղ

շարունակելի...

No comments:

Post a Comment

Яндекс.Метрика